Փարաքար համայնքի գործող համայնքապետ, ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը դիմել է Փարաքարի բնակիչներին։
«Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ
Ինչպես գիտեք, դեկտեմբրի 20-ին կայացաց ավագանու առաջին նիստում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով ես ընտրվել եմ Փարաքար համայնքի ղեկավար։
Ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունը օրենքի խախտմամբ իրենց թեկնածուին ինքնահռչակել էր համայնքի ղեկավար՝ ավագանիում լինելով փոքրամասնություն։
Նրանց անօրինական գործողությունների հետ կապված՝ մենք դիմել ենք դատարան հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, որի մասին «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները ծանուցված են։ Այսօր՝ ժամը 10:00-ին, պետք է կայանար իմ երդմնակալության արարողությունը։
Հաշվի առնելով, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից քաղաքական շահարկումները, միջհամայնքային լարվածություն հրահրելու գործողությունները, ես նպատակահարմար համարեցի ձեռնպահ մնալ երդմնակալության արարողության անցկացումից՝ տուրք չտալու համար «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական սադրանքներին, բացառելու համար որևէ բախման հնարավորություն՝ մեր բազմաբնակավայր համայնքի շրջանակներում և խնդիրը կարգավորել դատական կարգով։
ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։
Վերահաստատում եմ, որ ես գործելու եմ միմիայն օրինականության սահմաններում, բացառում եմ, որ Փարաքարում համայնքային կառավարումը կդառնա քաղաքական ուժերի կողմից դիվիդենտներ վաստակելու գործիք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 ձայն ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 ձայն «Դավիթ Մինասյան» դաշինքը, 2 ձայն՝ ՔՊ կուսակցությունը։ Փարաքարում այսօր նախատեսված էր համայնքապետի երդման արարողությունը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը հայտարարել էր, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքապետ, դրսում կազմակերպել է երդմնակալությունը: Երդվելուց հետո նա հավաքված մարդկանց հետ մոտեցավ համայնքապետարանին, սակայն այնտեղ բախվեց ոստիկանների հետ․ նրան թույլ չտվեցին մուտք գործել։