«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 88 մլրդ147 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 9.7 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել: Աշխարհում ավտոմեքենա արտադրող ընկերությունները Քովիդի պատճառով խնդրի առաջ են կանգնել եւ չեն արտադրել, այդ պատճառով տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր համայնքապետի՝ Արսեն Աղաբաբյանի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը (29,54 տոկոս)՝ Աղաբաբյանի գլխավորությամբ, կոալիցիա է կազմել «Հանուն հանրապետության» կուսակցության հետ (26,66 տոկոս)՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ, եւ ընտրել Կոթիի երկարամյա համայնքապետ Աղաբաբյանին։ Իսկ 43,76 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն՝ Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ստիպված է դառնալ ընդդիմություն։ Սակայն ՔՊ-ն ոչ մի կերպ չի հաշտվում պարտության հետ, եւ, մեր տեղեկություններով, որոշել են հարամել երդմնակալությունը՝ իրենց կողմնակիցներին բերելով համայնքապետարան ու բախումներ հրահրելով, ինչպես Փարաքարում»։
«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. «Օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպունից։ Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր այցից մանրամասներ: Խմբակցությանն ասել է, թե ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի ուժեղ թեկնածուի փնտրտուքի մեջ է, ինչի պատճառով էլ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 12-24-ը որոշել է արձակուրդ մեկնել՝ շառից-փորձանքից հեռու մնալ։ Սակայն պարզվում է՝ «տակից» նաեւ «ատամ է ցույց տալիս» իշխանություններին։ Դեկտեմբերի 20-ին մարզպետի տեղապահ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը չեղարկել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի վերաբերյալ ավելի վաղ կայացրած «խիստ նկատողության» մասին որոշումը։ Բանն այն է, որ Գանդալյանը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի «մարդը», որը չի թաքցնում իր քաղաքական հայացքները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին:
Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի հիման։ Օրենքը սահմանում էր, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։ Նկատենք՝ Հայաստանն առանց այն էլ այս պահին պատվաստման շատ ցածր ցուցանիշ ունի. ամբողջությամբ պատվաստվել է միայն երկրի բնակչության 14 տոկոսը»։