ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստատեսության եթերում խոսել է արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին և հայտնել, որ առաջիկայում կառավարությունը կներկայացնի ծրագրի կիրառության կարգն ու պահանջները։
Նա հիշեցրել է, որ ծրագիրն իրականացվելու է փուլերով (2024-2029թթ.-խմբ.) և պայմանն այն է, որ արցախցի ընտանիքների բոլոր անդամները պետք է քաղաքացիության համար դիմած և ստացած լինեն։
Խոսելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի մասին` նա ասել է, որ բնակարանը կգնվի և ի սկզբանե կձևակերպվի տվյալ ընտանիքի օգտին, սակայն 10 տարվա ընթացքում պարտադիր պայման է, որ այդ ընտանիքի անդամները շարունակեն բնակվել Հայաստանում։
Քանի որ ՀՀ քաղաքացիության համար դիմելու գործընթացը տևում է մոտ երկու ամիս, նա արցախցիներին հորդորել է առաջիկա շաբաթներն օգտագործել քաղաքացիության դիմումներ ներկայացնելու և «սահմանված աջակցության շահառու դառնալու հիմքեր ստեղծելու համար»։
«Այդ ընթացակարգով անցնելու պահանջը վերաբերում է չափահասներին։ Երբ ընտանիքի երկու ծնողն անցել են ընթացակարգը և ստացել են քաղաքացիություն, նրանց անչափահաս երեխաների համար պարզեցված ընթացակարգ է գործում, որն անհամեմատ ավելի քիչ ժամանակ է պահանջում»,- ասել է նա։
Խաչատրյանը հայտնել է, որ մինչ այժմ արցախցիներից մոտ 2000 դիմում են ստացել, որոնցից 1400-ն արդեն քաղաքացիություն է ստացել։
Փոխվարչապետը խուսափել է պատասխանել 1-2 հոգանոց ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու մասին հարցին։
Նա նաև հիշեցրել է, թե ինչ դեպքերում են արցախցիները զրկվելու բնակարան ձեռք բերելու աջակցությունից։
«Եթե այդ ընթացքում ընտանիքի երկու չափահաս անդամ որոշի, որ տարվա կեսից ավելին բնակվում է Հայաստանից դուրս, ապա դա հիմք կհանդիսանա, որ պետությունը դադարեցնի այն ֆինանսական աջակցությունը, որը ցուցաբերել է տուն գնելու համար»,- ավելացրել է նա՝ նշելով, որ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեն ծրագրի կիրառության կարգը։
Նրա խոսքով՝ բացի սահմանամերձ բնակավայրերից, ընտրված են այնպիսի բնակավայրեր, որտեղ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում սոցիալական ենթակառուցվածքներում։
«Շահագրգռված ենք, որ այդ բնակավայրերում ապրող և իրենց ապագան այդ բնակավայրերի հետ կապող մարդկանց քանակն ավելանա»,- ասել է նա։
Խաչատրյանը հայտնել է, որ 16 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի և կարող է օգտվել բնակարան ձեռք բերելու հիփոթեքային ծրագրից:
«Աշխատանք ունեցողները կարող են օգտագործել կառավարության կողմից տվյալ ընտանիքին տրվող 3-ական մլն դրամները, բանկից վերցնել լրացուցիչ հիփոթեքային ֆինանսավորում վարկի տեսքով և գնել իրենց բնակարանը»,- նշել է նա։
Ծանոթացեք Armenia Today-ի կազմած ուղեցույցին՝ «Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից»։