Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում, որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ: Այս մասին գրում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն: Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում»,- նշել է նա։
Նշենք, որ Վարդենիսի նորընտիր ավագանին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, իր անդրանիկ նիստն է գումարել:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։