Ղազախստանում հակաահաբեկչական գործողությանը մասնակցում են միայն Արիստանի, Արլանի, Բերկուտի տեղական հատուկ ստորաբաժանումները, ինչպես նաև պաշտպանության նախարարության ուժերը: Այս մասին հայտարարել Է Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը։
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արեւմուտքում Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների վրա, այդ թվում՝ Ալմաթիի և հանրապետության խոշորագույն քաղաքի վրա. այնտեղ սկսվել է թալան, գրոհայինները հարձակվել են պետական հաստատությունների վրա, խլել զենքերը: Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել է 18 ուժային։
Հայաստանը հունվարի 7-ին Ղազախստան է ուղարկել ստորաբաժանում։ «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում 100 զինծառայող, մեկնել է Ղազախստան։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը կզբաղվի բացառապես ռազմավարական օբյեկտների և ենթակառուցվածքների պահպանությամբ», – հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: