Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություն է տեղի է ունեցել։ Այն կայացել է Ալմաթիիի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի (ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտ) տարածքում՝ խմբավորման տեղակայման հիմնական վայրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Արարողությունը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի, խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորակազմերի ղեկավարների, ինչպես նաև Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Մուհամեջան Թալասովի ներկայությամբ:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների յուրաքանչյուր զորակազմից առավել աչքի ընկած ներկայացուցիչների պարգևատրում:
Միջոցառումն ավարտվել է հինգ երկրների զինծառայողների համատեղ հանդիսավոր քայլերթով։
2022 թվականի հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ սահմանափակ ժամանակով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր՝ իրադրության կայունացման և կարգավորման համար: Խմբավորման կազմում ընդգրկված են եղել Հայաստանի (100 խաղաղապահ), Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: 2022 թվականի հունվարի 13-ին սկսվել Է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորակազմի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների վրա, այդ թվում՝ Ալմաթիի, հանրապետության խոշոր այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել են 17 ուժայիններ։