«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ պլանը հնարավորինս շատ համայնքապետների նկատմամբ քրեական գործեր «կարելն» է, ինչը Փաշինյանի սիրած զբաղմունքն է: Նման շահագրգռվածության հիմնական պատճառը ոչ միայն նեղվածությունն է խայտառակ արդյունքներից, այլև առաջիկայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեն:
Ըստ կառավարության կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, իշխանությունները փորձելու են հասնել հետևյալ լուծման. Սահմանադրությունը գրեթե արմատապես փոխվում է, ՀՀ-ում վերահաստատվում է կիսանախագահական համակարգ, որտեղ ուժայինները դարձյալ անցնում են նախագահի վերահսկողության տակ։ Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը միանգամից հաճելին համատեղում է օգտակարի հետ՝ իր հարաբերությունները չվատացնել «սորոսականների» հետ, հետո էլ շարունակել իր «թագավորական» կյանքն արդեն նոր պաշտոնում, եթե, իհարկե, հաջողվի մինչ այդ մնալ իշխանության ու «ընտրվել»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում: Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, եւ ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա իր համարում գրել էր, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71: Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, եւ եթե այդ օրերին այլ բացականեր եւս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջեւ: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումը իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, սա պատահական չէ. իշխանությունները ցանկանում են ազատվել Սինանյանից, և սա պարզապես հերթական պատրվակն էր տեղեկատվական հակաքարոզչություն իրականացնելու։ Իհարկե, այնպես չէ, որ Փաշինյանի համար շատ դժվար է ազատվել Սինանյանից, սակայն «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս նրան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:
Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը 4400 դրամ է, աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4000 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի նվազել. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 11.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ սա է պատճառը, որ ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել»: