«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի անսպասելի հրաժարականը երեկ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտին ընդամենը մեկ տարի էր մնացել։ Յոլյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անձնական պատճառներով է դիմում գրել։ Իշխանական շրջանակներից էլ ասում էին, որ Փաշինյանին հորդորով է հեռանում՝ տեղը զիջելով հեղափոխականի, որպեսզի մեծ թափով սկսեն համակարգային կոռուպցիայի բացահայտումը։ Ինքը՝ Յոլյանը, մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ 14 տարի ոլորտում է, 2017-ից պալատի նախագահն է՝ հոգնել է, բացի այդ՝ անձնական պլաններ ունի, եւ իրեն շատ ժամանակ է հարկավոր դրանք իրագործելու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, այդ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, եւ երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու էին նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Նախորդ խորհուրդը չեղարկվեց, նոր խորհրդի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, անդամներն են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամ, ներկայացուցիչ ԲԴԽ-ից, առնվազն 2 անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ընտրվել են Էդմոն Մարուքյանը եւ Արամ Զավենիչի «Հանրապետությունից» մեկը։ Եվս երեքը քաղհասարակությունից են՝ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը։ Առաջիկա օրերին խորհրդի կազմը կհաստատվի վարչապետի կողմից, ապա խորհուրդը կձեւավորի 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կմշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական համանուն խմբակցության, առաջիկայում կակտիվանա ու նոր գործընթացներ կսկսի: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ նախագահ Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել: «Եկեք ժամկետներով չխոսենք, որովհետեւ ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թեժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի ավարտին էլ էին խոսում դիմադրության, շարժման մասին: Այդ շարժումն ավելի հզորացնելու աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնության հետ կապված՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացառիկ պարզաբանում է տվել թերթին: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև:
Ոմանք ասում են՝ Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։
Պատասխանեմ. իհարկե, կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր»: