Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի կոնկրետ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։ Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու առաջնորդներն իսկապես հնարավոր տարբերակներ էին դիտարկում փետրվարի վերջը և այլ ժամկետներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի այցը Թուրքիա:
Պեսկովի խոսքով՝ երկու կողմերը շահագրգռված են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա: Նրա խոսքով՝ երբ համաճարակաբանական իրավիճակը թույլ տա և երբ երկու նախագահների գրաֆիկները համընկնեն՝ այցը տեղի կունենա: Նա հույս է հայտնել, որ հանդիպումը տեղի կունենա հնարավորինս շուտ:
Հունվարի 26-ին Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին հրավիրել է Թուրքիա: Նա նաև կրկին հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի՝ կողմերի ցանկության դեպքում պատրաստ են ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել խաղաղության մթնոլորտի վերականգնման ուղին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը։ Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Էրդողանի առաջարկը վերաբերում էր հենց երկկողմ շփումներին։
Այսօր՝ փետրվարի 3-ին, Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդը կայցելի Հանրապետություն Չինաստան կատարած այցից հետո: Փետրվարի 4-ին Պուտինը ներկա կգտնվի Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: