Հայաստանի քաղաքացիների 25 տոկոսը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին են վկայում 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի 11 մարզերում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 18 տարեկանից բարձր 1512 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 16%-ը կարծում է, որ գործընթացը պետք է սկսել միայն հայկական բանակի մարտունակության վերականգնումից հետո:
Հարցվածների 16%-ը կարծում է, որ գործընթացի մեկնարկը ներկայումս չի համապատասխանում Հայաստանի և Արցախի շահերին, 15%-ը կողմ է արտահայտվել դրա շուտափույթ մեկնարկին: Հարցվածների 56%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր ռազմական ներուժը։ 28%-ը վստահ է, որ Հայաստանը պետք է փորձի հասնել խաղաղության՝ պատրաստ լինելով պաշտպանել իրեն հնարավոր ագրեսիայի դեպքում: 13%-ը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր ռազմական ներուժը՝ առանց խաղաղության ձգտելու, 2%-ը կողմ է արտահայտվել խաղաղությանը՝ առանց երկրի ռազմական ներուժի ամրապնդման:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է ինքնուրույն պաշտպանել իր սահմանները, դրական պատասխան է տվել հարցվածների 29 տոկոսը: Հարցվածների 17%-ի կարծիքով՝ ավելի շուտ այո, քան ոչ, 24%-ը ՝ ավելի շուտ ոչ, 29%-ը՝ միանշանակ ոչ։
Հարցվածների 83%-ը չափազանց կարևոր է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի ապագայի համար 10 տարվա կտրվածքով, 14%-ը այն մասամբ կարևոր է համարել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել ընդունելի տարբերակը, ըստ հարցվածների 35%-ի, Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Եվս 34 տոկոսն ամենաընդունելին համարում է Ղարաբաղի միավորումը Հայաստանի հետ, 16 տոկոսը նշել է Ղարաբաղին Հայաստանի կազմում ինքնավար կարգավիճակ տալը։ 11 տոկոսը կողմ է արտահայտվել Ղարաբաղին Ռուսաստանի կազմում ինքնավար կարգավիճակ տալուն հարցին: