Եվրոպական միությունը աչք է փակում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանության վրա։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրիստոֆ Բյուիսոնը։
ԵՄ երկրների կառավարությունները, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չեն արձագանքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության դեմ իրականացվող մշակութային ցեղասպանությանը, նշել է լրագրողը:
Նա մեջբերել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխեին, որը Բաքվում հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությունը:
Le Figaro-ի փոխղեկավարը նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ժառանգության ծրագրված ոչնչացումը՝ որպես օրինակ բերելով Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը:
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը նախօրեին հայտարարել է, որ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա արված կեղծ գրությունները վերացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որոնք ճանաչում են ալբանական պատմությունն ու ճարտարապետությունը»։