Առաջնահերթ ու հրատապ ենք համարում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավահաք առաքելության այցը` «Ռադիոլուր»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Հայաստանը սատարում է առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ», – ասել է Հունանյանը։
Ըստ նրա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը:
«Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության հավանական այցելությունը դիտարկում ենք վերոնշյալ համատեքստում։ Կոնկրետ ժամկետներ ու պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկան»,- նշել է խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները երկու երկրներ ուղարկել: Այս մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։