«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ Մեր տեղեկություններով, նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։
Վ․ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման խոսակցություններից տեղյակ չէ, իրեն նման առաջարկ չի եղել։ Իսկ եթե լինի, կհամաձայնե՞ք։ Ասաց, որ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 2-3 ամիսների ընթացքում արդարադատության նախարարությունում ինտենսիվորեն աշխատում են ՀՀ դատաիրավական ողջ համակարգում փոփոխություններ նախատեսող խոշոր փաթեթի վրա, որով հավանական է արմատական փոփոխությունների ենթարկվեն միանգամից մի քանի առանցքային օրենսգրքեր։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նման նախաձեռնությունն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որպեսզի օրենքների և օրենսգրքերի՝ խութեր ունեցող և «լազեյկաներ» պարունակող բոլոր սողանցքները փակվեն և հարմարեցվեն իշխանության պահանջներին։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այս աշխատանքային խմբի մեջ, որպես խորհրդատվական-փորձագիտական «մարմին», ներգրավված են արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ակնհայտ պրոիշխանական թեզեր գեներացնող իրավաբաններ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում կրկին կրքերը սրվել են՝ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի: Կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է: Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։
Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը»։
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ԲԴԽ-ի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։ Նախագծի հեղինակները որպես «հստակեցում» են անվանում ԲԴԽ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորության (քվորումի) ապահովված լինելը խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչեւ պարզ մեծամասնություն:
Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։ Ասել է թե՝ այս որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամներին քաղաքական իշխանությունները «խաղից դուրս են թողնում», եւ այսուհետ Աժ-ի կողմից ընտրված 5 գիտնական անդամներով շատ ավելի հեշտ կարող են որոշումներ կայացնել բարձրագույն խորհրդում: Ստացվում է, որ Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ»։