«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` ի դեմս Անդրանիկ Թեւանյանի, հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա վավերացվել Թուրքիայի պառլամենտում: Սա թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եւ պահանջ է դրվում, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա պատմաբանների քննարկման թեմա:
«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները»։
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետարանի «սեռի կարդինալը» նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, եւ իրականում ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ ինքն է համակարգում հիմնական աշխատանքները: Թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանի տեսակետը:
Բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, բայց ես դեռ պարոն Ավինյանին այս շենքում չեմ տեսել, թերեւս միայն Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ, երբ բարձրաստճան ՔՊ-ականներն էին եկել, բայց չեմ էլ ուզում պարոն Ավինյանին դասել այդ շարքերին»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, եւ տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու եւ խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչեւ մանդատները վայր դնելը:
Որքան էլ տարակուսելի է, սակայն վերջին այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք դեմ են մանդատները վայր դնելուն, թեպետ ընտրությունների հաջորդ օրը քննարկվել եւ համաձայնություն է տրվել, որ ինչ-որ պահի քննարկելու են այս հնարավորությունը:
Դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ռեստարտի համար փողոցային ակցիաների շարք սկսեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ ,729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ բյուջեի կատարողականի հաշվետվությունից։ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մկն 278 հազար դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Այսպիսով, Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոսով, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջան»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու եւ կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված նիստ արեց ու հայտարարեց այս ծրագրի մասին, որը, ըստ էության, 2020-ի պատերազմից հետո էր խոստանում իրականացնել: Բայց այն ժամանակ Փաշինյանը տապալեց` թույլ չտալով, որ ընդդիմադիրները ներգրավվեն Արցախի կառավարմանը»։