«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային քաղաքականությունն այս իշխանությունների աքիլեսյան գարշապարն է՝ կա՛մ անփորձ ու անտեղյակ անձանց են նշանակում, կա՛մ՝ մերձավորներին, մանկության ընկերներին ու համադասարանցիներին, որոնք կարճ ժամանակ հետո հայտնվում են սկանդալների մեջ, բոց-հարցազրույցներ տալիս, խայտառակում իրենց ու իրենց նշանակողներին։
Նրանցից ավելի խելացիներն աշխատում են քիչ շփվել լրագրողների հետ եւ առանձնապես աչքի չընկնել։ Այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լեւոն Սահակյանի թեկնածությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսված է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել մարտի 14-15-ին»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած լուրերի համաձայն` ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր չեն համաձայնել «ինստրուկտաժ» անցնել եւ դառնալ նորաթուխ պարեկներից մեկը, ասում են` դիմում գրի, ազատվի:
Անգամ նրանց են ոստիկանությունում հեռացնում, որոնց թոշակի անցնելուն մնացել է երկու-երեք տարի: Ավելին` ոստիկանությունից հոխորտում են, որ կհոգան, որպեսզի նրանք երբեք որեւէ իրավապահ մարմնում աշխատանքի չկարողանան տեղվորվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում զգալի բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է ոչ բոլոր վարչական շրջաններում: Կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, դրանք նվազել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 8 հազար 300 դրամով. այն գերազանցում է 1410 դոլարը: Եթե նոյեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 672 հազար 300 դրամ, դեկտեմբերին այն դարձել է 680 հազար 600 դրամ: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 345 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 351 հազար 300 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվելուն պես ապօրինի որոշում ընդունեց` ընդդիմադիր համայնքապետերին ազատելով պաշտոնից: Ապա նրանց փոխարինողներ նշանակեց»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենևին էլ պատահական չէ: Օրաթերթին հայտնի դարձավ՝ պատգամավոր Գաբրիելյանը և Դավիթ Տոնոյանը բարեկամական կապեր ունեն: Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի քեռու տղան է (ոչ հարազատ)»։