ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն անդրադարձել է իր դեմ Ադրբեջանի հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին:
«Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում:
Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից:
Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»,- ասված է Քոչարյանի գրասենյակի արձագանքում։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի դատախազությույանը, հաղորդում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս արձագանքել էր ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ։