Երբ ես մեկնում եմ այլ երկրներ, հանդիպում եմ բոլոր երկրների պատգամավորների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, եթե ֆորմատն այսպիսին է: Ի պատասխան Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ադրբեջանցիները պետք է նախ ներողություն խնդրեին իրենց արարքների համար, նոր միայն ոտք դնեին Հայաստան, այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Կարծում եմ՝ անազնիվ, անարժանապատիվ մոտեցում է, որ ես, որպես ՀՀ պատգամավոր, թաքնվեմ 18 տարեկան զինվորի հետևում, որ նա խնդիրը լուծի, որ նա մեր անվտանուգթյան շուրջ որևէ գործողություն կատարի: Ես իմ սեփական անելիքն ունեմ, ինչը նշանակում է նաև մասնակցություն նման վեհաժողովի: Հավելյալ զգայունությունն այն է, որ Երևանն է հյուրընկալել խորհրդարանական վեհաժողովը: Ճիշտ չէր լինի, որ ՀՀ-ն հրաժարվեր իր գործընկերներին հյուրընկալելու հնարավորությունից զուտ նրա պատճառով, որ վեհաժողովին Ադրբեջանից պատգամավորներ պետք է մասնակցեին: Հանուն խաղաղության ես այդ քայլերին պետք է գնամ, օգտագործեմ երկխոսելու բոլոր հնարավորությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան: