«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը: Բանն այն է, որ 1,5 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը եւ նախապատրաստել նրա սպանություն: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար- Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 23-25-ը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կլինի Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ փետրվարի 24-ին։ Սպասվելիք հանդիպման եւ օրակարգային հարցերի մասին «Քաղպայմանագրում» զրո ինֆորմացիայի են տիրապետում։ Խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո խմբակցությունում այդ հարցերը չեն քննարկում, չեն հետաքրքրվում, քանի որ այդ թեմայի վրա տաբու է դրված։ Ռուբեն Ռուբինյանը, ըստ մեր աղբյուրի, հաճախակի լինում է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ կառավարական առանձնատանը, եւ նրանից ցուցումներ ստանում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում: Տեղեկացանք, որ, որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը՝ պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկություններով, առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում: Մասնավորապես, նոր կադրերով է համալրվելու ԳՇ-ն:
Թե ինչի հետեւանք է վերը նշվածը, դեռ չեն կարողանում գլխի ընկնել անգամ զինվորականները»: