Կառավարության համապատասխան պատասխանատուներն ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Հանրապետության նախագահն այդտեղ իր անելիքն ունի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե որն է նախագահի դերը գերիների վերադարձի հարցում։
«Նախագահի անելիքը պետք է միացվի բոլոր այն գործողություններին, որ արվում են այսօր։ Նախագահի ինստիտուտը կարող է օգտակար լինել, ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում, պետք է օգտագործել հնարավորություններն ու օր առաջ գերիներին վերադարձնելու խնդիրը լուծել»,-հայտարարեց Խաչատուրյանը։
Վերջինս ընդգծեց, որ եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են, և իրենց գործողությունները համակարգվում են, արդյունք կլինի։