«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ դրանք ավելի են բարձրանալու: Օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի ոչ բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ կազմում է 1300 դոլար: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 683 հազար դրամով, մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերին այն կազմել է 680 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2400 դրամով թանկացել է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան մտավորականների խմբին ընդունած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով 2020-ի պատերազմի մասին, իր վերլուծությունն է ներկայացրել պատերազմի ու պարտության պատճառների մասին։ Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ էինք մենք պարտված, քանի որ պարտվել էինք դեմոգրաֆիական «պատերազմում»․ «Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»։ Եվ սպառազինությունների մոդեռնացման հարցում էինք ահռելի հետ մնացել աշխարհից։ Իսկ հոկտեմբերի 3-ին ինքը վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք, եւ ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տեւական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Հետաքրքիր է՝ ինչ է 1 տարի 4 ամիս քննում ԱԱԾ-ն եւ դեռեւս չի կարողանում պարզել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով եւ կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաեւ իշխանական լրատվամիջոցների կոնտենտը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարում: Օրակարգում ընդամենը երկու հարց է՝ ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը»։