ԱԺ-ն 66 կողմ, 19 դեմ ձայնով որոշեց Արցախի հարցով դռնփակ նիստ անցկացնել։
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորները պաշտոնական գրությամբ առաջարկել են հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքներն ու հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկումն անցկացնել ԱԺ նիստում:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ են առաջարկել նիստը փակ անցկացնել: Նրա կարծիքով՝ թեման հանրության լայն շրջանակների է հետաքրքրում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է հայտարարեց, որ քննարկումները կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք չեն կարող բաց ու ուղիղ ռեժիմով քննարկել։
Ի դեպ, քվարեկությամբ նաև որոշվեց, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ազգային ժողովը փակ նիստ կանցկացնի, որին ներկա կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արցախում դարձյալ դադարեցվել է գազամատակարարումը։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է՝ բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել էր, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։