Պետք է հասկանալ, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել ադրբեջանցիների առաջխաղացումը Արցախում, որովհետև ադրբեջանական զինուժը, փաստորեն, հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել է նրանց։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Հաշվի առնելով, որ այս տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, մեր նպատակն է մեր ռուս գործընկերներից պատասխան ստանալ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Ակնկալում ենք, որ այս խնդիրն ամենասեղմ ժամկետներում լուծում կստանա, և Ադրբեջանի զինված ուժերը կվերադառնան իրենց սկզբնական դիրքերին»,- ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գտնվում է ռուս խաղաղապահների թիկունքում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։
Առաջխաղացումը շարունակվել է անցած գիշեր, և այսօր տեղի են ունեցել լոկալ մարտեր, կան վիրավորներ հայկական կողմից։ Ադրբեջանական կողմից կիրառվել են «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր, որոնցից խոցվել են որոշ դիրքեր։
«Խոսքը կոնկրետ իրավիճակի սրման մասին է, և այս առումով մեր առաջնահերթ հարցերն ուղղված են ռուս գործընկերներին, որոնք, գտնվելով իրենց պատասխանատվության գոտում, պետք է բացառեին նման բան»,- ընդգծեց պատգամավորը։