Համացանցում հայտնվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, որը զետեղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման էջում: Այս մասին գրում է «Վոյեննոյե օբոզրենիյե»-ն։
Ինչպես գրում է լրատվականը՝ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի տարածք ցանկացած ներխուժում կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքին։ Այսպես, Իրանն արձագանքել է ադրբեջանական ազգայնական «Յենի Մուսավաթ» կայքի հրապարակմանը, որը գրել է, որ Ադրբեջանն իրավունք ունի «վերադարձնել իր հողերը», քանի որ Հայաստանն «Ադրբեջանի պատմական հողերից» է։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին, քննադատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, որն արվել է 2022 թվականի մարտի 24-25-ը իրավիճակի սրման կապակցությամբ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ իրենք չեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները։ Միաժամանակ Հայաստանը չի կատարել համաձայնագրի 4-րդ կետը և հայկական բանակն ամբողջությամբ դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից։ Բացի այդ, Բաքուն հայտարարել է, որ հանրապետությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր, այլ կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջան։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն խախտում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները՝ զորքեր մտցնելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և գնդակոծելով չճանաչված հանրապետությունը։