Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել, թե ինչ իրավիճակ է Արցախում, միայն ադրբեջանական և ռուսական կողմերն են արձագանքել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ՀՀ ՊՆ-ի կողմից պարզաբանում չներկայացնելը պատահական չի համարում։
«Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ Արցախի հետ կապված հարցերն ուղղենք ռուս խաղաղապահներին։ Սա նշանակում է, որ իրենց օրակարգում Արցախ չկա։ Իշխանությունները չունեն հայկական և պետական շահ հետապնդող օրակարգ, դա ակնհայտ է, և ամեն ինչ անում են, որ ազատվեն Արցախից»,- նշեց նա։
Աննա Մկրտչյանի համոզմամբ՝ ոչ միայն պետք է հետաքննվի այն հանգմանքը, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական զորքերը դիրքերից հետ քաշվելու հրամանը։
«Պետք է հետաքննվի, թե ինչու Նիկոլ Փաշինյանը բանավոր հրաման է տվել, որ մեր զորքը նահանջի։ Պետք է նաև պարզաբանվի, թե ինչո՞ւ պատերազմի ժամանակ զենք չկար, զինվորական համալրում չի եղել»,- հարց է բարձրացնում Մկրչտյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցչի կարծիքով՝ հայկական կողմը մեղադրանքի սլաքներն ուղղում է դեպի ռուս խաղաղապահները, քանի որ փորձում են ամեն ինչ անել Արցախից ազատվելու համար։
«Այս մարդիկ մեկ նպատակ ունեն՝ պահել իրենց իշխանությունը։ Այդ իշխանությունը պահելու համար, եթե պետք է, օրինակ, Հայաստանը դարձնեն անգործունակ երկիր, դա կանեն։ Ինքը մեզ խնամատարության կհանձնի այն երկրին, այն քաղաքական վերկտորին, որն իրեն ավելի երկարաժամկետ իշխանություն կխոստանա»,- տեսակետ հնչեցրեց Մկրտչյանը։
Խոսելով խաղաղության օրակարգից և հնարավոր ստորագվելիք խաղաղության պայմանագրի մասին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը նշեց․ «Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերն ամբողջությամբ ռիսկեր են։ Այս կետերը հայկական պետականությունը կորցնելու ռիսկեր ու վտանգներ են պարունակում։ Այն, ինչ Ադրբեջանը չի ստացել 2020 թվականին նոյեմբերին, փորձում է աստիճանաբար ստանալ։ Չգիտեմ՝ այդ գործընթացը տեղի է ունեցել Նիկոլ-Ալիև վերելակային հանդիպման ընթացքում, թե՝ ոչ»։
Աննա Մկրտչյանի խոսքով՝ խաղաղության օրակարգի շուրջ այսօր միայն կեղծ թեզեր են շրջանառվում, որով կերակրում են հասարակությանը։