«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 12-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Oրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հիմնական եւ չորս լրացուցիչ հարցեր։ Ընդ որում՝ օրակարգում մի քանի ընտրություններ են, եւ պատգամավորները երկարատեւ քննարկումներ կունենան։ Ըստ այդմ, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեք անդամներ պետք է ընտրեն, քննարկեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը եւ քննարկեն նաեւ Կառավարության՝ նախորդ տարվա գործունեության արդյունքները։ Ազգային ժողով կայցելի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները եւ ներկայացնելով կատարողականը՝ կպատասխանեն նաեւ պատգամավորների հարցերին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումն է հրավիրում, այս անգամ՝ տնտեսական թեմայով։ «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն օրերս նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Այն ներկայացվել է պատգամավորի անունից, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է: Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունների՝ գազի, ջրի, էլէներգիայի սակագների աճը ոչ միայն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ շղթայաբար բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ծնունդով արցախցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում:
«Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է Հայաստանի անվտանգության իր բաժինը, իսկ հիմա Արցախի մասին խոսք անգամ չկա»:
Պողոսյանը չի բացառում, որ կողմերի միջեւ կարող է անգամ բանավոր համաձայնություն եղած լինի, որ Արցախ, կարգավիճակ, եզրույթները չեն հիշատակում: «Իսկ եթե դա այդպես է,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Պողսյանը,- ապա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին, հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության: Ավելին՝ քրեական գործը Գլխավոր դատախազության կողմից երկրորդ անգամ կոմիտե ուղարկելու ժամանակ կրկին հարցաքննության են հրավիրվել Շանթի Յուրա անունով հայտնի Յուրա Ղարիբյանը եւ գործարար Արշավիր Սարգսյանը, որոնք Հովսեփյանի որդու հետ բիզնես կապերի մեջ են եղել։ Եվ, ահա, 7ամիս անց հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննությունն ավարտել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Աղվան Հովսեփյանը արդեն շուրջ 7 ամիս է, ինչ կալանքի տակ է եւ գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ, ինչպես հայտնի է, պետք է նաեւ աշխատանքային խումբ աշխատեր՝ փորձագետներ, որոնք կլրացնեին Ռուբինյանի գիտելիքների ու փորձի պակասը: Այն պետք է կազմվեր դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այդ մասին հայտարարել է թե՛ Ռուբինյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, արտաքին գործերի նախարարությունը տեւական ժամանակ է՝ չի գաղտնազերծում այդ խմբում ներգրավված կոնկրետ անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալներ տրամադրել չեն կարող, կարող են տրամադրել, եթե ունենան տվյալ մասնագետների համաձայնությունը։ Հայտնի է միայն, որ խորհրդատվական այդ խումբը ձեւավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիման վրա, ինչպես նաեւ քննարկումներ են անցկացվում ոլորտային փորձագետների հետ։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբինյանի գլխավոր խորհրդատուն Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն է, որն անցած տարվա հոկտեմբերին է դեսպան նշանակվել, իսկ մինչ այս՝ երկար տարիներ ղեկավարել է հիշյալ՝ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունը: Նա մասնագիտությամբ թուրքագետ է։ Նրանից բացի, նույն վարչությունից այլ թուրքագետներ էլ են ներգրավված խմբում»։