«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է։ 2 ամիս առաջ ընկերությունների բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Նպատակն է՝ «ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը»: «Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին դիսկուրսն օրակարգ բերելուց հետո հայաստանյան ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ գրեթե ամբողջ հասարակությունը տարակուսած է՝ ինչ է լինելու Արցախի հետագա ճակատագիրը: Ի տարբերություն ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ պատգամավորները, իրար հերթ չտալով, վարչապետին «անկեղծ լինելու» համար շնորհակալություն էին հայտնում, իսկ Արցախի ԱԺ-ն երեկ Արցախը Ադրբեջանի կազմում բացառելու մասին հայտարարություն ընդունեց: Ոչ միայն Արցախի պատգամավորները, այլեւ հայաստանյան քաղգործիչները, քաղաքագետներն ու մարդիկ առհասարակ հարց են բարձրացնում՝ եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ է լինելու Արցախում խաղարար առաքելություն իրականացող ռուս խաղաղապահ զորքի հետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը եւս հնամաշ է։ Գեւորգյանը, ինչպես նաեւ Վահե Հակոբյանն ու Սեյրան Օհանյանը, հրաժարվել են իրենց հատկացված մեքենաներից` երթեւեկում են անձնական մեքենաներով։ Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին մինչեւ վերջերս սպասարկում էր սպիտակ Nissan Patrol ամենագնացը, որը համեմատաբար լավ վիճակում էր, բայց Արարատ Միրզոյանը, տեղափոխվելով ԱԳՆ, խնդրել է ՊՊԾ-ին, որ այդ մեքենան փոխանցեն ԱԳՆ-ին, եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մնացել է առաց մեքենայի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր նախագծով՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» անվամբ: Նախագծով հիմնական զեկուցողը լինելու է խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նախագծում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմադիր խմբակցությունը ինչպես է տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան։ Նրանք ընդգծում են, թե այս կարգավորումների հարցում պետք է իր դերակատարումը ունենա նաեւ խորհրդարանը: Նախագծում նշվում է. «Կայուն խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում ազգային պետական շահերի գերակայությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը. անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող փաստաթղթերով ամրագրված իրավաքաղաքական նպատակադրումներով: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով նախկինների շքի տակ դարձավ բիզնեսմեն, աթոռի տեր, հիմա ուրացել է նրանց ու սկսել է հաճոյանալ ներկա իշխանություններին: Ասում են, որ հաճախակի է գալիս մարզպետի դռան առաջ կանգնում, համոզում, որ ինքը Ապարանում «ասող ա», ու որ «իր քաղաքում» իշխանությունները «վաբշե պրոբլեմ չունեն»: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ չնայած այս ամենին, իշխանությունները նրան չեն վստահում, ինչքան էլ հավատարմության երդումներ է «ուտում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո իշխանական թիմից ոմանք ընդվզեցին` հրաժարականներ տվեցին, մանդատներից հրաժարվեցին, ապա այսօր ՔՊ-ական կառավարությունում եւ խորհրդարանում գեթ մեկը չհայտնվեց, որն առարկեր Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպաներ Արցախն ու հայկականությունը։ Երկու օր շարունակ ուսապարկերի խմբակցությունը մեկ մարդու պես լուռ լսում է Փաշինյանի հակահայկական թեզերը, շատերը ելույթի ընթացքում գլխով հավանության նշաններ են անում, իսկ գլխավոր դերերում ԱԺ առաջին շարքերում նստած Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են, որոնք Փաշինյանի ամեն բառից հետո, ի նշան հավանության, գլուխներն այնպես են խոնարհում, որ հասնում են սեղաններին։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից հետո էլ է երկրում իրավիճակ փոխվել` հասարակությանը հաշտեցրել են նվաստացած վիճակի հետ, իսկ պրոադրբեջանական, պարտվողական թեզեր պաշտպանողներն ավելի համարձակ են դարձել ու անվախ»: