«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան։ Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, ըստ ամենայնի, չի մասնակցի քառօրյային։ Թեեւ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։
Երեկ մեր աղբյուրն ասաց, որ այս փուլում դժվար թե նման բան անեն։ Իսկ խորհրդարանի օրակարգը բավականին հագեցած է` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համալրում, դատախազության տարեկան հաշվետվություն, որը կներկայացնի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԻՊ հաշվետվություն, օրենսդրական նախագծեր»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երեւանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։ Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։
Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ եւ ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։ Եվ, ահա, օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է: Ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից մայրաքաղաքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության գործողությունները, որի ընթացքում բազմաթիվ բախումներ եղան ակցիայի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջեւ։ Բերման ենթարկվեց շուրջ 200 քաղաքացի։ Ոստիկանական գործողությունները երբեմն ուղեկցվում էին բռնի ուժի գործադրմամբ, վայրագ դրսեւորումներով։ Հիմնականում հատուկ նշանակության ջոկատի տղաներն էին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով, կոպիտ քաշքշելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Բայց սրանք ամբողջ ոստիկանությունը չեն։ Հակառակը՝ ոստիկաներից շատերը ոչ միայն բարեկիրթ էին ու ցուցարարների նկատմամբ հնարավորինս մեղմ, այլ մի բան էլ՝ նրանց կողմից էին։ Բերման ենթարկվածներից ոմանք մեզ պատմեցին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ չեն գործադրել, իսկ մեքենա նստեցնելուն պես սկսել են մեղա գալ, հարցնել՝ «հո շատ չցավեցրի՞նք»։ Ոստիկանական բաժանմունքներում սուրճ ու թեյ են հյուրասիրել, եւ ամենաուշագրավը` ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել՝ ուղղված ոչ թե ցուցարարներին կամ ընդդիմությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանի անձին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպ-ականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել: Սակայն ուշագրավ է, որ «ավանգարդում» ընդամենը 10-15 քպ-ականներ են, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց «հունանավետիսյանությամբ»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի: Թերթի տեղեկություններով, խմբակցության մեծամասնությունը պարզապես աշխատում է առայժմ ստվերում մնալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վրա իշխանության կողմից մեծ ճնշում է գործադրվում` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հանցագործության մասին հաղորդում տալուց հետո: Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել վերոնշյալ քրգործով: Այսպիսով, ըստ քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իրավաբան Լիլիթ Մանասերյանի, իշխանությունը հիշել է մի կարճված առեւանգման քրեական գործի մասին, որում ներգրավված կասկածյալները հանդիսանում են Արթուր Դավթյանի հարազատ հորեղբոր տղաները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական պատգամավորները 2 օր է՝ Փաշինյանի հրահանգով հրապարակավ հեգնում են ընդդիմադիրներին, ծաղրում պայքարը՝ արձագանքելով Իշխան Սաղաթելյանին, ով հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավորները գերի են Փաշինյանի ձեռքում, ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ այդ անհոգ վիճակն ու արտաքուստ հանգստությունը թվացյալ են։ Չնայած Փաշինյանը նրանց հանգստացրել է, թե ոստիկանությունն առաջիկա օրերին հիմնովին ճնշելու է շարժումը, ձերբակալելու են ակտիվիստներին եւ կազմակերպիչներին, ու մի քանի օրում ամեն ինչ մարելու է, սակայն ֆրակցիայի զգուշավորներն իշխանափոխության հոտ են առել եւ որոշել են առժամանակ ընդհատակ անցնել։ Այդ վախերով է նաեւ պայմանավորված, որ երեկ զոդում էին ԱԺ դարպասները։ Սրանք այն դարպասներն են, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը բացեց հանրության առաջ` հայտարարելով, որ ԱԺ այգին պետք է հանրային զբոսավայր դառնա»: