Բայրամովի հետ կարող էիք ասել նաև, որ նույն տեքստը Հայաստանի իշխանություններն են հայտարարել։
Այսօր մեկնարկած երթի ժամանակ այս մասին նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը՝ կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարության հետ։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայկական ընդդիմությունը երկիրը դեպի անդունդ է տանում։ Նա նշել է, որ Ադրբեջանում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։
«Մենք ասում ենք՝ միակողմանի զիջումներ չենք գնալու, չենք թողնելու, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտվի, որ Արցախի ժողովուրդը վտանգված լինի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Բա պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասի։ Նույնը, ցավոք, ասում են մեր իշխանությունները։ Ուստի՝ Բաքվի ու մեր իշխանությունների միջև տարբերություն չեմ տեսնում»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: