«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետեւից գնալ, եւ քչերին է գաղափարը համախմբում։ Բացի այդ, երբ չկա հստակություն, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը, հրապարակի ուժերն իրենց բոլոր ռեսուրսները չեն օգտագործում։ Իսկ ՀՀ երկու նախագահների քննարկումների, պլանների մասին քչերն են տեղեկացված։ Մեզ ասում են, որ կա միայն մի հստակություն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կա կոնսենսուս, որ իրենցից ոչ մեկը չի լինելու վարչապետի թեկնածու, եւ նրանք հակված են հնարավորինս քաղաքականապես չեզոք անձի առաջադրել: Մեզ ասացին, որ քննարկվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն վերջինս իր համաձայնությունը չի տվել, կոմֆորտի սովոր նախկին պաշտոնյան չի ցանկացել պայքարի մեջ մխրճվել եւ լուրջ պատասխանատվություն ստանձնել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնված 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։ Կանչվում են ինչպես ընդդիմադիր ակտիվիստները, որոնք մասնակցում են երթերին, փողոց են փակում, այնպես էլ պատգամավորներ, օրինակ՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը։ Նպատակն ընդդիմադիրներին վախեցնելն է, ակցիաներից ու փողոց փակելուց առժամանակ կտրելը, քանի որ նրանց որեւէ էական հարց չեն տալիս, ընդամենը «ճշտումներ են» մտցնում։ Գրեթե մեկ տարի գործը սառեցվել էր, հիմա պետք է՝ հիշել են։ Առաջին զոհերից մեկը ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է, որին փողոց փակելու ժամանակ բերման ենթարկեցին, ապա ձերբակալեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործի շրջանակներում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, եթե բարձր աշխատավարձ ստացող պետական գերատեսչությունների աշխատակիցներին դեռ հաջողվում է զսպել ու լռեցնել, որպեսզի չմիանան ընդդիմության փողոցային պայքարին, ապա կրթական ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է: Ճիշտ է, քննական շրջանով պայմանավորված` մեծ թվով ուսանողներ դեռ չեն միացել պայքարին, բայց նրանց փոխարեն` պրոֆեսորադասախոսական կազմն է օր օրի ավելանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողների շարքերում: Ընդ որում` մեզ հասած լուրերի համաձայն, առաջիկայում տհաճ անակնկալներ են սպասվում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։ Համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրանց օրինակին դիմելու մտադրություններ ուրիշներն էլ ունեն։ Սակայն դիմումները տեւական ժամանակ է՝ չեն մակագրվում, ու փորձում են ամեն կերպ համոզել, անգամ մեծ պարգեւավճարներ են խոստանում, որպեսզի ոստիկանները հետ վերցնեն ազատվելու դիմումները։ Մեզ հաջողվեց նրանցից երկուսի անունը պարզել․ մեկը մայորի կոչում ունեցող Խաչիկ Թովմասյանն է, մյուսը՝ ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ անելու են քաղաքական իշխանության մակարդակով, որպեսզի կանխեն այդ հրաժարականները, քանի որ դրանք կարող են դոմինոյի էֆեկտով տարածվել ինչպես ոստիկանության, այնպես էլ ուժային այլ համակարգերի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 4-ին, երբ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի տարբեր կամուրջներ փակել էին մեքենաներով, ՀՀ ոստիկանությունը բացեց կամուրջները՝ հաճախ ուրիշի սեփականությունը, գույքը վնասելով: Օրաթերթը այս առիթով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից պարզաբանում էր պահանջել՝ նշելով. «ՀՀ ոստիկանության աշխատակիցները մի խումբ քաղաքացիների կողմից կամուրջները փակելու ու բողոքի ակցիան կանխելու համար վնասել են ուրիշի գույքը: Ո՞վ է փոխհատուցելու նրանց վնասված գույքի դիմաց»: Ոստիկանությունից ստացել ենք պատասխան «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի երկար-բարակ մեջբերումներով, բայց այդպես էլ հստակ չի հասկացվում՝ կոնկրետ այդ օրը ոստիկանների կողմից վնասված գույքերի համար ով, երբ է փոխհատուցելու քաղաքացիներին: Դատելով պաշտոնական պատասխանից, որը Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանի անունով է փոխանցվել, կոնկրետ դեպքի օրը ոստիկանական գործողությունները քննության առարկա չեն դարձել, եւ չկա հստակ պատկերացում՝ ոստիկանության որ աշխատակիցը ում գույքն է վնասել, եւ, հետեւաբար, ինչ միջոցներով պետք է հատուցվի՝ պետբյուջեի՞ց, թե՞ համայնքային բյուջեի միջոցներից: Միայն կա հուշում, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են վնասի հատուցման պահանջ ներկայացնել դատարան»: