Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվող հարցերի թվում է նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նշենք, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Օրենքի նախագծով նախ առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը, և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից այդ հասկացության շրջանակում ներառել նաև այն անձանց, որոնք ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով:
«Առաջարկում ենք նախատեսել վարույթ իրականացնող մարմնի լիազորությունը՝ սեփական նախաձեռնությամբ սկսելու ուսումնասիրություն, բայց միայն այն դեպքում, երբ արդեն իսկ վարույթում գտնվող ուսումնասիրությամբ ի հայտ են գալիս կասկածներ, որ պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք»,- այս մասին հանձնաժողովի նիստում ասել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Սրբուհի Գալյանը:
Նախագծով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս: Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ նախատեսվող կարգավորումներից որոշները կնպաստեն, որ ուսումնասիրություններն առավել արդյունավետ և համապարփակ իրականացվեն: