«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։ Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու նրանց քարոզչամեքենան շրջանառության մեջ են դրել այն վարկածը, թե նախկինները փողով են ցուցարարներին փողոց հանում։ Այս ընթացքում բազում անհաջող, բեմադրված սցենարներով տեսանյութեր պատրաստեցին, որոնցում իբր միտինգի մասնակիցները, իրականում՝ իշխանության մարդիկ, խոստովանում են, թե այսինչ պատգամավորը կամ նախկին պաշտոնյան է փող տվել, որ գան միտինգի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ովքեր առաջիկայում կհրավիրվեն ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացվել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի: Մասնավորապես, հանձնաժողովի ցուցակում հիմնական տեղը զբաղեցնում են 2016 թվականից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը եւ պաշտպանության նախկին նախարարները: Թե նրանցից ով կընդունի հրավերը, եւ ով՝ ոչ, դեռ պարզ չէ: Հավելենք, որ Ազգային ժողովում այդ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին եւ մինչեւ այժմ միայն աշխատանքային քննարկումներ են ունեցել եւ ոչ թե բովանդակային: Եվ, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց են որոշել ցուցակ կազմել ու անցնել գործի: Դատելով իրավիճակից եւ նախորդ փորձերից՝ այս հանձնաժողովը եւս ստեղծվել է «պտիչկա» դնելու համար, եւ այնպիսի բացահայտումներ, որոնք խոստանում են, բնականաբար, չեն արվելու»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` առաջիկա շաբաթում նախատեսվում են մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Այս խոսակցություններն ուղղակի «ցեց են գցել» ՔՊ-ականների ջանը` շատերը մտահոգ են ու չեն կողմնորոշվում` իսկապե՞ս «նավը լքելու ժամանակն է», թե՞ հերթական անգամ Փաշինյանը փորձության է ենթարկում իրենց` ստուգելով յուրաքանչյուրի հավատարմությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջեւ կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։ Մարզի աղբյուրներից տեղեկանում ենք, որ պատգամավորները պահանջում են, որ մարզպետը ցանկացած որոշում համաձայնեցնի իրենց հետ, ինչը նա չի անում։ Իսկ վերջերս շոկի մեջ են ընկել՝ տեսնելով, որ մարզպետն ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ Որոտանում բնակարանամուտի է մասնակցել, ու այդ փաստն օգտագործելով՝ փորձում են «վերեւներում» դավեր հյուսել նրա դեմ։ Կարելի է ասել՝ դա նրանց հաջողվում է, մեզ ասացին, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցն օդում կախված է։ Հարցը պետք է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրակարգ մտցնի, իսկ նա, պատգամավորների հորդորով, չի անում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչեւ օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված եւ ինչ առիթներով: Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր»: