Հայաստանը կբացառի ամերիկյան կողմին պահանջված վտանգավոր ախտածինների նմուշները փոխանցելը: Համապատասխան որոշում ընդունեց այսօր կառավարությունը՝ հերթական նիստի ժամանակ:
Գործող համաձայնագրի նպատակն է խթանել նշված ոլորտում կողմերի միջև արդյունավետ և կանոնակարգված փոխգործակցությունը։ Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Պետք է փոխանցվեին նաև համաճարակաբանական տվյալները: Այժմ համաձայնագրի 5-րդ կետի փոփոխությամբ ՀՀ-ն այլևս պարտավոր չի լինի դա անել:
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010թ․ սեպտեմբերի 3-ին Վաշինգտոնում և սեպտեմբերի 16-ին Երևանում։
Հարկ է նշել, որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին: