Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակից երկրներին համերաշխության համար՝ նա ուղերձ է հղել՝ հիշել և երբեք չմոռանալ:
Նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը՝ համաժողովը ևս մեկ անգամ հղել է այն ուղերձը, որ հակասեմիտիզմը, այլատյացությունը, ռասիզմը, անհանդուրժողականությունը չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում: Դրանց հիշատակումը, ճանաչումը և աներկբա դատապարտումը բոլորի բարոյական պարտքն է և առաջնային պարտականությունը՝ հանուն անցյալի և մարդկության ապագայի։
Նշվել է, որ Յադ Վաշեմում հավաքված առաջնորդներին համախմբել է պատասխանատվությունն անցյալի և ապագայի հանդեպ։ Հիշողությունն անհրաժեշտ է՝ չմոռանալու զոհերի և վերապրածների տառապանքների մասին, թույլ չտալու, որ այլևս երբեք որևէ երկրում որևէ ժողովրդի կյանքում, որևէ անգամ նման հանցագործությունները կրկնվեն: Որպես պատասխանատվություն ապագայի և սերունդների հանդեպ՝ նրանք հնչեցնում են «Այլևս երբեք․․․»:
Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ: