Ներկայացվելիք Սահմանադրական փոփոխություններին կծանոթանանք և միայն դրանից հետո մեր առաջարկներն ու դիրքորոշումը կհայտնենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նշել է, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ խորհրդարանական կառավարման մոդելին դեռևս 2015 թվականից դեմ է եղել հենց իր խմբակցությունը, սակայն ոչ մի քաղաքական ուժ իրենց չի պաշտպանել, իսկ այժմ կսպասեն ներկայացվելիք փաթեթին։
Անդրադառնալով ՍԴ շուրջ վերջին զարգացումներին և Հրայր Թովմասյանի նկատմամբ վարվող քաղաքականությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ եթե Հրայր Թովմասյանը հանցանք է կատարել,ապա թող ներկայացնեն ու պատժեն օրենքի սահմանում, ոչ քմահաճույքով կամ ցանկությամբ։
«Ցանկացած քաղաքացի պարտավոր է պատասխանատու լինել իր կատարաժ հանցանքի չափով»,-ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Արթուր Վանեցյանն ընդդիմադիր բևեռ է ձևավորում և հարցին՝ արդյո՞ք ինքը մտահոգ չէ, որ վերջինս կարող է խլել իր ձայները, Ծառուկյանը հայտարարել է, որ ոչ մի մտահոգություն չունի.
«Խլելը ո՞նց է… Այսինքն` կարող է գա, Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Նա պետք է աշխատի, հետո ընտրությունների ժամանակ ժողովուրդն ում կցանկանա, նրան էլ կընտրի»,–ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ–ն համագործակցի Վանեցյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց, թե` բացառվում է։ Նրա խոսքով` համագործակցություն չի եղել, չի էլ կարող լինել։