«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում տավարի ու գառան մսի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 2.1 տոկոսով, իսկ գառան միսը թանկացել է 1.3 տոկոսով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն խոզի մսի շուկայում եւս այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել է 10.8 տոկոս գնաճ: Օրաթերթը տեղեկացավ, որ նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ալյուրը 13.5 տոկոսով, բրնձը՝ 15.8, իսկ լոբին՝ 5.1 տոկոսով: Ձուն է էժանացել. մեկ ամսվա ընթացքում ձվի գինը նվազել է 18.1 տոկոսով: Շաքարավազի շուկայում եթե այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է 8.6 տոկոս գնաճ, ապա ապրիլի համեմատ՝ այն էժանացել է 3 տոկոսով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ընդդիմության ակցիաներին պարբերաբար իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնում Սփյուռքի տարբեր գործիչներ, ինչպես նաև հայաշատ քաղաքների հայ համայնքները։ Ավելին, այս օրերին միմյանց հաջորդելով հայաշատ մի շարք քաղաքներում պարբերաբար տեղի են ունենում հանրահավաքներ և երթեր, որոնց ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում «Ֆրանսիայի հրապարակին»՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հատուկ հանձնարարական են ուղարկել հայկական մեծ համայնք ունեցող երկրներում Հայաստանի դեսպանատներին և հյուպատոսարաններին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի հնարավոր բոլոր տարբերակներով ու միջոցներով կասեցնեն հակաիշխանական ակցիաների անցկացումը և հատկապես հակափաշինյանական կոչերի հնչեցումը։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ փորձ է արվել բողոքի ալիքը կասեցնելու գործընթացում ներառել հայկական սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում: Մասնավորապես, նախաքննական մարմինն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում Զինված ուժերի պաշտոնատար անձանց: Տեղեկացանք, որ օրերս հարցաքննության են հրավիրվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին այլ պաշտոնյաներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից զինվորական քննչական կտեղափոխի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ դարձյալ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը հարցաքննելու է պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործերի շրջանակում»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն, ինչպես որ փորձում են ներկայացնել հասարակությանը: Մասնավորապես, տեղի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ականների մի մասը լրիվ «խալաստոյ» վիճակում է, մի մասը՝ իրեն չեզոք է դրսեւորում: Հիմա ողջ, այսպես ասած, «գրուպա պատդերժկան» իրականացնում են Արփի Դավոյանը եւ Վահագն Ալեքսանյանը, ովքեր իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Չար լեզուներն ասում են, որ վերջիններիցս զգուշանում է անգամ Անդրանիկ Քոչարյանը, որ հանկարծ էմոցիոնալ պահին մի էնպիսի բան չասի, որը հասնի շեֆին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնի շուրջ դժգոհություններն ավելանում են: Եթե մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստանում էր Արմավիրի, Արարատի մարզերից, ապա հիմա նրանց են միացել Գեղարքունիքի բնակիչները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, որոնց պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ»: