ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցներն ընդգծել են վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները և անդրադարձել ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։
Արմեն Սարգսյանն ու Անա Բռնաբիչը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում և արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում:
Սերբիայի վարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին կբացվի Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանությունը: Նշվել է, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել ևս մեկ պայմանավորվածություն՝ սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու վերաբերյալ:
Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին՝ նշելով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրները: