«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաեւ ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա․ «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝ ծնողներն են ըտենց ուզել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, եւ օրենքների մոտարկումը դանդաղել է: Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից: Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ եւ ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար: – Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում:
– Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգեւատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձեւով խրախուսել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգերի Լիգայի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ խայտառակ պարտություն կրեց, այս անգամ 1։4 հաշվով զիջեցինք Շոտլանդացիներին: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ֆեդերացիայում ոչ առողջ մթնոլորտ է, մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ այդ կառույցը մութ գործերով է տարված, իսկ ՀՀ Կառավարության կողմից փաստացի համակարգող է «նշանակված» ֆուտբոլի հետ կապ չունեցող, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Խոսվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյան Հակոբի ու Արմեն Նիկողոսյանի մոտ: Մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ անգամ Ֆուտբոլի ակադեմիայում գործող շոգեբաղնիքը չի ծառայում ֆուտբոլիստներին, այլ այնտեղ գնում են նորելուկ պաշտոնյաներ։ Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30 ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, դե պարզ է, որ հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սեւ հովազ» ջոկատը՝ իր հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի գլխավորությամբ, ապրիլի վերջին անժամկետ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում։ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտնի հայտարարություններից հետո «Սեւ հովազի» տղաներն առաջինն էին, որ դուրս եկան փողոց՝ պայքարի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, զոհվեց նախ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք ստացավ գլխի շրջանում, ինչից հոկտեմբերի 17-ին մահացավ։ Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեցինք «Սեւ հովազի» առաջիկա քայլերի մասին, մասնավորապես՝ ինչու են լռում, նստացույցն ինչու դադարեցրին, արդյո՞ք դադարեցրել են պայքարը»։