Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավումը գործնական նշանակություն ունի այդ գործընթացի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այն, որ հարցի կարգավորումն առանց Արցախի մասնակցության անհնար է, կարծում եմ, սա փաստ է , որն ընդունվել և հնչեցվել է տարբեր առիթներով», – հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը նշել է, որ այս մասին վերջին անգամ խոսվել է Ռուսաստանի ԱԳ-ի նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ։
«Սա իրականություն է, որից հնարավոր չէ խուսափել», – ընդգծել է Մնացականյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև շփման գծում տիրող իրավիճակի մասին հարցին՝ ընդգծելով, որ Երևանի համար սա սկզբունքային հարցերից մեկն է ։
«Էսկալացիայի ռիսկերի նվազեցմանն ուղղված բոլոր գործողությունները եղել և մնում են առաջնահերթություն մեզ համար, և դրանք մեր բանակցային փաթեթի կարևոր բաղադրիչն են», – հայտարարել է Մնացականյանը ՝ հավելելով, որ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են օրակարգում: