Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակզամի մամուլի ծառայությունից
Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանն անդրադարձել է այցի ընթացքում ունեցած արդյունավետ քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության խորացմամբ։
Քննարկման ընթացքում փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը զրուցակիցները համարել են սննդի վերամշակման, մատակարարման և անվտանգության ոլորտը:
Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։
Նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեն իր հերթին նշել է, որ դրանք չափազանց էական ոլորտներ են Կատարի համար, և իրենք շահագրգռված են համատեղ ծրագրերի իրականացմամբ։
Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարների փոխայցելությունների, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Կատարի Հանրապետություն: