Վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:
Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը:
Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:
Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին: