«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Խորհրդարանական ընդդիմությունը վաղը՝ հուլիսի 22-ին, խորհրդարան կգնա: Ի՞նչ օրակարգով, ինչո՞ւ. այս հարցերի պատասխանները ստանալու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ կապ հաստատեցինք: «Մեր օրակարգում նման հարց չկա»,- վստահեցրեց պատգամավորը: Մինչդեռ օրաթերթի խորհրդարանական աղբյուրները հակառակ պնդումն են անում, ավելին՝ հավելում, որ, ըստ նախնական տեղեկության, ընդդիմադիրները վաղը Եվրոպական խորհրդարանի մի պատվիրակության հետ կհանդիպեն: Նշենք, որ գարնանային բոյկոտից մինչեւ օրս ընդդիմադիրները խորհրդարան գրեթե չեն գնացել: Այս օրերին, շոգով պայմանավորված, մեկշաբաթյա դադարի մեջ են. հանրահավաքներ էլ չեն լինի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավականին երկար ժամանակ է, ինչ իր լիազորություններն է իրականացնում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Մինչ հանձնաժողովի ձևավորումն իշխանություններն անընդհատ շեշտում էին, որ հենց սա է լինելու այն հարթակն ու ուսումնասիրող մարմինը, որը պետք է տա հանրությանը հուզող անհասկանալի ու չպարզաբանված բոլոր հարցերի պատասխանները: Սակայն պատերազմի հետ կապված դեռևս անորոշություն է տիրում, ինչպես և կանխատեսում էին շատերը՝ հայտարարելով, որ այս իշխանության օրոք ոչինչ էլ չի բացահայտվելու։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս փուլում հանձնաժողով են հրավիրվում հիմնականում ԶՈՒ միջին սպայակազմի ներկայացուցիչներ, որոնք առանձնապես չեն տիրապետում էական նշանակություն ունեցող տեղեկությունների և, որպես կանոն, ստանդարտ, հաճախ նույնիսկ հանրությանը հայտնի փաստեր են ներկայացնում։ Ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «ուղղակի զրից են անում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել: Օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործանարային բալոն ունեցող մեքենաներին: Պատճառն այն է, որ գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր է առաջանում, քանի որ դրանք հատուկ արտադրության են: Ու քանի որ լցաճնշակայաններում հիմնականում միատեսակ ու, այսպես ասած, ունիվերսալ դետալներ են կիրառվում, ապա գործարանային բալոնների համար լուծումներ գտնելը բարդ է, ավելի ճիշտ՝ անհնարին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկվել է Սյունիքում պարեկների գործունեության նպատակահարմարությունը, չի բացառվում, որ նախատեսվածից շուտ պարեկներին գործուղեն Սյունիք։ Հիշեցնենք, որ ներկայումս Գյումրիում եւ Լոռիում են պարեկների ծառայությունը ներդրել, ընթացքի մեջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ներդրումը, մյուս մարզերում նախատեսվում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սյունիքում արագացնեն։ ԱՄՆ իշխանությունները եւ սորոսականները շատ են կարեւորում պարեկների ներդրումն ու ՆԳ նախարարության ստեղծումը։ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկու անգամ արդեն խորհրդակցություն է հրավիրել այս հարցով, որտեղ ուժային կառույցների հետ նույն սեղանի շուրջ մշտապես հայտնվում են Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը»: