Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին: Այս մասին ասված է ՀՀԿ գորրծադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ այս էլ որերրորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա:
Կուսակցության կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և այլ միջազգային դերակատարների կողմից իրականացված բոլոր միջնորդական ջանքերն այս կառավարիչների անմեղսունակության արդյունքում չեն բերել Արցախում և Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ռազմական գործողություններից զերծ մնալուն և խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը:
Նրանք մեղադրել են ՀՀ իշխանություններին, որոնք պայմանավորվածությունների մասին տեղյակ չեն պահում երկրի քաղաքացիներին, ինչի մասին է վկայում Բերձորում ծագած խնդիրը։
«Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է»։
Հանրապետականների կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ավելի շատ պարտավորություններ են ստանձնել, քան նախատեսված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ.
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել: Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը»,-ընդգծումէ կուսակցությունը։
Հանրապետականները կարծում են, որ ստեղծված իրավիճակը սրվում է նաև բանակի պաշտպանունակության վերականգնման հարցում իշխանությունների «հանցավոր անգործությամբ»։
«Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։
«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը»,- ասված է հայտարարությունում։
Հանրապետական կուսակցությունը կրկին ընդգծում է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ։