Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ հենց այս օրը՝ օգոստոսի 10-ին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրամիության ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ այդ ողջ ժամանակաշրջանում ԵՄ-ՀՀ երկկողմ դիվանագիտական հարաբերությունները զարգացել են և խորացել։ 2017 թ․ նոյեմբերին ստորագրվել և 2021 թ․ մարտին ուժի մեջ է մտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը կարևոր նշանակություն ունի մեր գործընկերության և Հայաստանի արդիականացման գործում, հատկապես՝ բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով:
ԵՄ-ն ակնկալում է ավելի սերտ աշխատել Հայաստանի հետ՝ ելնելով փոխադարձ շահերից և ի նպաստ մեր հասարակությունների և քաղաքացիների: