Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը:
«Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը միշտ հիմնված է պատվի, իմաստության, նպատակահարմարության, արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի հասկացությունների վրա», – գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ իրանական իսթեբլիշմենթի «իմաստուն իշխանությունները» լավագույն որոշումներ են կայացնում և միշտ պաշտպանում են իրենց երկրի պետական-ազգային շահերը, ինչպես նաև տարածաշրջանի շահերն ու անվտանգությունը:
«Ինչ վերաբերում է մեր հյուսիսային հարևաններին (Հայաստանին և Ադրբեջանին – խմբ.), ապա Իրանի մոտեցումները հայտնի են արդեն 30 տարի, այդ մոտեցումները բազմիցս հնչեցրել են հեղափոխության առաջնորդը, նախագահը, արտաքին գործերի նախարարը և ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Այդ մոտեցումները հետևյալն են՝ միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և աշխարհաքաղաքական փոփոխություններին հակազդելը», – ընդգծել է Սեյեդ Աբբաս Մուսավին։
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ ցանկացած այլ դիրքորոշում «պրոֆեսիոնալ չէ» և «վնասակար է»:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սեպտեմբերի 15-ին Սամարղանդում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Իրանը չի ընդունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն: Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը չափազանց կարևոր է Իրանի համար։