«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության հետ վերջին հանդիպման, ինչպես նաև առանձին զրույցների ժամանակ նշված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է անտեղի չոգևորվել և առանձնապես մեծ հույսեր չկապել Արևմուտքի հետ, քանի որ հայտարարություններից և կոչերից այն կողմ գործնականում ոչ մի առարկայական արդյունք չկա. նա հստակ ակնարկել է, որ ոչինչ չի ստացվում, Արևմուտքի նպատակը ոչ թե իրապես Հայաստանին օգտակար լինելն է, այլ տարածաշրջանում իրենց ներկայությունն ավելացնելը և Ռուսաստանին ու Իրանին վնասելը:
Նա նաև նշել է, որ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չեն կարողանում ստանալ: Թերթի տեղեկություններով, այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները։
Հիշեցնենք, որ այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։ Հիմնականում թեմաները տիրաժավորվում են այն կտրվածքով, որ ներկա իրավիճակում ամենահավատարիմ դաշնակիցը ԱՄՆ-ն է, մեր հույսն այդ երկրի հետ պետք է կապենք և այլն։ Թեման լայնորեն շրջանառվում է արևմտյան կողմնորոշում ունեցող հարթակներում։ Այս հարցում, բնականաբար, բավական ավտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը. այստեղ խիստ ոգևորված են ամերիկացիների վերջին շրջանի ակտիվությունից։
Հիշեցնենք նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական հերթական էսկալացիայի ժամանակ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության ստանալու դիմումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները և քաղհասարակության մի հատվածը սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։
Իր հերթին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով անդրադարձներ։