Հրապարակ օրաթերթը գրում է, որ երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստումսենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին:
Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։
«Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե սա ինչ է նշանակում, զինվորական ծառայությունից գլուխ հանող մարդիկ բացատրեցին, որ սա նշանակում է երբեւէ չծառայած, երբեւէ ձեռքում զենք չբռնած, մինչեւ 50+ տարեկան բոլոր տղամարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ծառայել են 10-15-20 տարի առաջ, տանել հավաքների եւ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սահման պահելու»,- գրում է «Հրապարակ»-ը: