ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանը դեմ չէ ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանին։ Մեկնաբանելով Ռուսաստան կատարած այցի արդյունքները՝ Սիմոնյանը նշեց, որ իր բոլոր հանդիպումներում փորձել է ճշտել ռուսական կողմի վերաբերմունքը տարածաշրջանում տիրող իրավիճակին, ճշտել այն հարցը, թե արդյոք նա պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Արցախի հարցը, ԱԺ նախագահի խոսքով, դիտերկվել է տարածաշրջանային գործընթացների համատեքստում:
Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը ակնկալում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ավելի լայն ներգրավվածությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում։ Նրա խոսքով, քննարկվում են Ռուսաստանի ներգրավվածության տարբեր ձևաչափեր, Հայաստանը համաձայնել է այդ բոլոր ձևաչափերին։
«Չեմ բացառում, որ ԵՄ առաքելության ժամկետը երկարացվի, բայց կուզենամ, որ ոչ միայն ԵՄ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան ամբողջ սահմանով կանգնեն եւ տեսնեն, թե արդյոք ով է հրահրում, ով է խախտում հրադադարը»,- ասաց Սիմոնյանը:
«Ադրբեջանը մի կողմից գլուխ է գովում, որ իրենց երկաթե ձեռքը կոտրել է հայկական բանակը, մյուս կողմից մեզ է մեղադրում սադրանքների մեջ:
Խոսելով Ռուսաստանում տեղի ունեցած հանդիպումների մասին, Սիմոնյանն ասաց, որ այնտեղից խոստացել են, որ կակտիվանան, սակայն չեն նշել երբ ու ինչ հանգամանքներում:
Արցախյան պատվիրակության հետ հանդիպման մասին խոսելով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ չի կարծում, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մեջ պետք է հիշատակում լինի Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին, ինչպես որ արցախյան կողմն է ցանկանում: Դա ոչ միայն կարող է հայելային ցանկություն առաջացնել, այլ նաև երբևէ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջ չի ունեցել, հետևաբար դրա մասին շեշտումը կբարդացնի գործընթացը կամ իսպառ կչեղարկի, կարծում է Սիմոնյանը:
ԱԺ ղեկավարն ասաց, որ Արցախը պետք է ինքնուրույն ներգրավված լինի գործընթացներում, սակայն Հայաստանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Արցախի ճակատագրում: Նրա խոսքով՝ եղել է Արցախին միայնակ բանակցել թողնելու առաջարկ, սակայն դա ՀՀ իշխանությունները չեն ընդունել: