Հայաստանը երբեք հարձակողական զենքի կարիք չի ունենա: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հույս հայտնեց Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:
Պատախանելով հարցին, թե Իրանը զենք կվաճառի՞ Հայաստանին, եթե նա ցանկանա, Վարամինը նշեց, որ Իրանի կողմից ՀՀ-ին վաճառվող զենքի մասին ավելի լավ է հարցնել ռազմական ոլորտի մասնագետներից:
«Ես կարծում եմ, որ երկու երկրների պաշտպանության ոլորտի պաշտոնյաները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ և քննարկումներ ունենում են»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք ասելով, որ տարածաշրջանում օտարերկրյա ներկայությունը ցանկալի չէ Իրանի համար երկրի ԱԳ նախարարը նկատի ուներ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, Վարամինն ասաց, որ հարցը պետք է նախարարին ուղղել: Սակայն հավանաբար արտգործնախարարն ի նկատի ուներ զինված ներկայություն, որը կարող է լինել տարածաշրջանում:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով օտարերկրյա զինված ուժերի ներկայության կարիքը չունեն»,- ասաց հյուպատոսը: