Նիկոլ Փաշինյանը Սոչիի գագաթնաժողովի նախօրեին ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ներսում։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի արդյունքները։
Նա հիշեցրել է, որ իշխող կուսակցության վեցերորդ համագումարում վարչապետ Փաշինյանն ընտրվել է Քաղաքացիական պայմանագրի խորհրդի նախագահ։
Մարկեդոնովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կուսակցության համագումարն անցկացվել է փակ դռների հետևում, ինչը ընդդիմության քննադատության առիթ է դարձել։
«Ժամանակին, երբ Փաշինյանն ինքը իշխանությունների հակառակորդն էր, ինքն ու իր իր համախոհները քննադատում էին Հանրապետական կուսակցությանը թափանցիկության բացակայության համար»,- գրել է Մարկեդոնովը։
Հայ ընդդիմադիրները, ըստ փորձագետի, ներկայումս «ժանրի ճգնաժամ» են ապրում։
«Քննադատությունները շատ են, գործնականում իմաստալից գործողություններ չկան»,- նկատել է քաղաքագետը։
Նա թերահավատորեն է վերաբերվել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հայտարարություններին, թե «Դիմադրության շարժումը» «նորամուծություններ» է ունենալու։
«Կասկածներ կան, որ ընդդիմության աշխատանքում իսկապես նոր և բեկումնային բան կհայտնվի»,- ասաց Մարկեդոնովը։ Քաղաքագետի խոսքով՝ հանրապետության ներսում իրավիճակը կայուն է, և Քաղաքացիական պայմանագրի համագումարի արդյունքները հաստատեցին Փաշինյանի ուժն ու այլընտրանքի բացակայությունը՝ որպես երկրի ղեկավար։
«Առնվազն երկու ազդանշան է ուղարկվել Հայաստանի ներքին լսարանին և միջազգային գործընկերներին։ Փաշինյանն ապացուցեց, որ իրեն՝ որպես երկրի ղեկավարի և իշխող կուսակցության, իրական այլընտրանքներ չկան. դա կարող է ինչ-որ մեկին դուր գալ, կամ կարող է կտրուկ մերժում առաջացնել: Բայց խոսել Հայաստանի ճակատագրի մասին՝ շրջանցելով այս քաղաքական գործչին ու անձին, չի ստացվի»,- հոդվածում ասում է Սերգեյ Մարկեդոնովը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում ընթացող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից և Փաշինյան-Պուտին առանձին հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համագումարում ընտրվել է կուսակցության վարչության նախագահ։