Ես շփվում եմ մեր ռուս գործընկերների հետ և նրանց հանգիստ ասում եմ այն մասին, որ այսօրվա ՀՀ իշխանություններն ամենապրոռուսականներից են: Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նրանք, ըստ Սիմոնյանի, համաձայն են այդ մտքին:
Սիմոնյանը նաև ասաց, որ պետդումայի նախագահը վերջին այցելության ժամանակ ասել է, որ ուրախ է պարբերական շփման համար, քանի որ նախկին իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չէին:
«Մի տարեք խոսքն այն ուղղությամբ, թե Ռուսաստանն այլևս մեզ համար անցանկալի պետությունների շարքում է»,- ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ իհարկե կլինեն հարցեր, որոնք կբարձրացնեն մեր երկրի շահերը պաշտպանելու համար:
«Մենք Ռուսաստանից ակնկալում, սպասում ենք իրենց պայմանագրերով և ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլերի»,- ասաց Սիմոնյանը, սակայն խնդրեց հարցն այն ուղղությամբ չտանել, թե նա այլևս մեր ռազմավարական դաշնակիցը չէ:
Սիմոնյանը նշեց, որ մենք ունեցել ենք ԱԺ նախագահ, որը իրենց բառով ասած՝ «նեվիյեզդնոյ» է եղել, ունեցել ենք մարդիկ, որոնք ռուսերենին չեն տիրապետել և կապերն ավելի վատն են եղել: Իսկ այսօր մենք ունենք միջպառլամենտական սերտ կապեր: Սիմոնյանի խոսքով՝ ռուսներից ամենավատ արձագանքը լսել է Սերժ Սարգսյանի կառավարման մասին: